Վերադառնալ գլխավոր էջ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ / ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Թարմացված է»՝ 20․03․2026թ․

Հաստատված է՝
Սիմոնյան կրթական հիմնադրամի գլխավոր
տնօրենի կողմից 2026 թվականի
մարտի 19-ին։

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն հրապարակային օֆերտայով (այսուհետ՝ Պայմաններ) կարգավորվում են Պայմանների 2.1. կետում նշված դասընթացներին մասնակցող անձանց (այսուհետ՝ Մասնակից) և Սիմոնյան կրթական հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) միջև ծագող իրավահարաբերությունները։

1.2. Մասնակցի https://tumolabs.ai/ կայքէջում գրանցումը և սույն Պայմանների ընդունումը համարվում է հրապարակային օֆերտայի ընդունում (ակցեպտ) և հաստատում է, որ Մասնակիցը լրիվ և անվերապահորեն ընդունում է սույն Պայմաններին։ Սույն Պայմանների անբաժանելի մասն է կազմում https://tumolabs.ai/ կայքէջում հրապարակված Գաղտնիության քաղաքականությունը։

1.3. Սույն պայմաններով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ։

2. ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

2.1. Հիմնադրամն իր ներքին ընթացակարգերին և կանոններին համապատասխան կազմակերպում է արհեստական բանականության մեկնարկային ուսումնական ծրագիր՝ AIOnramp (այսուհետ նաև՝ Ծրագիր), որի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել արհեստական տեխնոլոգիաների կիրառական հնարավորություններին և զարգացնել համապատասխան հմտությունները։

2.2. Ծրագրի շրջանակներում ուսուցանվելու են ներքոշարադրյալ թվով 3 դասընթացները․
Դասընթաց 1՝ «AI Warmup» ՝ իրականացվում է շաբաթական երեք անգամ, տևողությունը մինչ երկու շաբաթ,
Դասընթաց 2՝ «AI Studio» ՝ իրականացվում է շաբաթական երկու անգամ, տևողությունը մինչ 6 շաբաթ,
Դասընթաց 3՝ «AI Bootcamp»՝ իրականացվում է շաբաթ և կիրակի օրերին։

2.3. Դասընթացների մանրամասն նկարագիրը, դրանց անցկացման ժամանակացույցը և այլ մանրամասները սահմանվում են https://tumolabs.ai/ կայքէջում տեղադրված տեղեկատվության, ընթացակարգերին և կանոններին համապատասխան։

2.4. Դասընթացն իրականացվելու է հեռահար կամ առկա տարբերակով։ Առկա տարբերակով դասընթացն անցկացվելու է ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 2/3 հասցեում։

2.5. Դասընթացի անցկացման ժամանակացույցի, վայրի կամ ծրագրի փոփոխության դեպքում Հիմնադրամը Մասնակցին նախապես ծանուցում է Ծրագրի կայքէջում հայտարարությունների տեղադրման, էլեկտրոնային փոստին նամակներ ուղարկելու կամ հաղորդակցության այլ միջոցների կիրառման եղանակով։

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3․1. Մասնակիցը պարտավոր է`

3․1․1. սահմանված ժամկետում կատարել սույն պայմաններով սահմանված ուսման վարձի վճարման պարտականությունը,

3․1․2. առանց Հիմնադրամի համաձայնության որևէ հարթակում չհրապարակել ուսումնառության ընթացքում ձեռք բերած մասնագիտական նյութերը կամ տեղեկությունները,

3․1․3. ամբողջ ծավալով հատուցել Հիմնադրամին պատճառված վնասը,

3․1․4. դասընթացի ժամանակ չօգտագործել անձնական և (կամ) այլ ունկնդիրներին պատկանող համակարգիչ, հեռախոս և (կամ) տեխնիկական այլ միջոց՝ ոչ ուսումնական նպատակներով,

3․1․5. չտարածել իրականությանը չհամապատասխանող կամ վարկաբեկող տեղեկություններ այլ Մասնակցի, դասընթացի ղեկավարների, աշխատակցի կամ Հիմնադրամի վերաբերյալ,

3․1․6. պահպանել վարքագծի էթիկայի կանոնները, Հիմնադրամի ներքին իրավական ակտերի, կանոնների և ընթացակարգերի պահանջները,

3․1․7. մասնակցել դասերին՝ համաձայն սահմանված ժամանակացույցի,

3․1․8. դասընթացից բացակայելու կամ դասընթացին մասնակցելուց հրաժարվելու դեպքում Հիմնադրամին այդ մասին տեղեկացնել ai@tumolabs.am էլ. փոստի հասցեին նամակ ուղարկելու միջոցով,

3․1․9. նախապես տեղեկացնել Հիմնադրամին առողջական խնդիրների մասին, որոնք կարող են վտանգել ներկայացնել այլ անձանց առողջության համար կամ խոչընդոտել կամ սահմանափակել մասնակցի մասնակցությունը ուսումնական գործընթացին,

3․1․10. uահմանված ժամկետներում կատարել Հիմնադրամի աշխատակիցների և դասընթացավարների ուսումնական բնույթի հանձնարարությունները,

3․1․11. հարգալից վերաբերմունք դրսևորել Հիմնադրամի անձնակազմի, այլ Մասնակիցների նկատմամբ, հարգել պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև հայացքներն ու համոզմունքները,

3․1․12. խնամքով վերաբերվել Հիմնադրամի և այլ անձանց գույքին, իսկ գույքը վնասելու, օգտագործման համար ոչ պիտանի դարձնելու կամ ոչնչացնելու դեպքում՝ պատճառված վնասը հատուցել ամբողջությամբ,

3․1․13. բարձր պահել Հիմնադրամի բարի համբավը։

3․2. Մասնակիցն իրավունք ունի`

3․2.1. ստանալ ուսումնական գործընթացին վերաբերող լիարժեք տեղեկատվություն,

3․2.2. չեղարկել իր մասնակցությունը Դասընթացներին դրանց մեկնարկից նվազագույնը երեք օրացուցային օր առաջ ծանուցելու միջոցով։

3․3. Հիմնադրամն իրավունք ունի՝

3․3.1. որոշել Մասնակիցներին դասավանդող դասընթացավարներին, դասավանդման ծրագրի բովանդակությունը, մեթոդները և ձևերը,

3․3.2. տեսաձայնագրել ուսումնական դասընթացները և դրանք օգտագործել գովազդներում, սոցիալական հարթակներում, կայքերում կամ Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված այլ նպատակներին համապատասխան,

3․3.3. հավաքել և պահպանել Մասնակիցների անձնական այն տվյալները, որոնք անհրաժեշտ են սույն Պայմաններով սահմանված պարտավորությունները և իրավունքները արդյունավետ իրականացնելու համար,

3․3.4. օգտագործել Մասնակիցների կազմած նյութերը Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան,

3․3.5. հսկողություն և վերահսկողություն իրականացնել Մասնակիցների այցելությունների, ինչպես նաև կարգապահության նկատմամբ,

3․3.6. Մասնակիցներին վերաբերող ծանուցումները, անհատական իրավական ակտերը և այլ փաստաթղթերն ուղարկել Մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեին, ինչը համարվելու է ծանուցման պատշաճ հանձնում։

3․3.7. Դասընթացը չեղարկել, մասնակիցների բավականաչափ քանակի չգրանցման դեպքում, հաստատված մասնակիցներին դասընթացից 3 օրացույցային օր առաջ տեղեկացնելով և վճարի ետ վերադարձի պայմանով։

3․4. Հիմնադրամը պարտավոր է`

3.4.1. Ուսումնական գործընթացը կազմակերպել և իրականացնել ուսումնական ծրագրին և սույն Պայմաններին համապատասխան։

4. ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ, ԴՐԱ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

4.1. Դասընթացների մասնակցության արժեքն է.

4.1.1. «AI Warmup»՝ 50,000 ՀՀ դրամ, ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը,

4.1.2. «AI Studio»՝ 100,000 ՀՀ դրամ, ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը,

4.1.3. «AI Bootcamp»՝ 150,000 ՀՀ դրամ, ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը։

4.2. Մասնակիցը դասընթացների վճարը վճարում է անկանխիկ եղանակով՝ ամբողջապես, մինչ դասընթացի մեկնարկը սույն Պայմանների ակցեպտավորման ընթացքում։ Դասընթացի մասնակցության վճարն ամբողջությամբ չվճարելու կամ մինչ համապատասխան դասընթացի մեկնարկը վճարում չիրականացվելու դեպքում սույն հրապարակային օֆերտան համարվում է չակցեպատորված։

4.3. Դասընթացների մասնակցության վճարը ենթակա չէ վերադարձման, բացառությամբ այն դեպքերի, երբ դասընթացը չեղարկվել է Հիմնադրամի կողմից կամ, եթե դասընթացին մասնակցությունը չեղարկվել է Մասնակցի կողմից դասընթացի մեկնարկից առնվազն երեք օրացուցային օր առաջ։ Առաջին դասին մանսակցելուց հետո չեղարկման դեպքում գործում է վճարի 50%-ի ետ վերադարձ։

4.4. Եթե Մասնակիցը, ընդունելով սույն հրապարակային օֆերտայի պայմանները և կատարելով դասընթացի մասնակցության համար սահմանված չափով վճարումը, հրաժարվում է մասնակցել դասընթացին, բայց կցանկանա մասնակցել հաջորդող այլ դասերի, ապա մինչև դասընթացի մեկնարկի օրը կարող է ստանալ վճարված գումարին համարժեք կրեդիտ, որը կարող է օգտագործել 3 ամսվա ընթացքում՝ գրանցվելով այլ դասընթացների։

5. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ԵՎ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

5.1. Հիմնադրամը կարող է միակողմանիորեն դադարեցնել Մասնակցի դասընթացի մասնակցությունը հետևյալ դեպքերում՝

5.1.1. ուսման վարձը սույն պայմաններով նախատեսված ժամկետում չվճարելու դեպքում,

5.1.2. սույն Պայմաններով նախատեսված որևէ պարտավորության խախտման դեպքում։

5.1.3. Մասնակցի մասնակցությունը դասընթացներին համարվում է դադարեցված դրա մասին ծանուցումը Մասնակցին ուղարկելուն հաջորդող օրվանից։

6. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

6.1. Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.2. Մասնակիցը հավաստում է, որ չունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք խոչընդոտում են կամ կարող են խոչընդոտել դասընթացի մասնակցությանը։ Նման խնդիրների առկայության դեպքում Մասնակիցը պարտավոր է դրանց մասին տեղեկացնել Հիմնադրամին և Հիմնադրամի համաձայնության դեպքում, Մասնակիցը կարող է մասնակցել դասընթացին։ Նշված խնդիրների պատճառով Հիմնադրամի տարածքում գտնվելու ժամանակահատվածում Մասնակցի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում:

6.3. Ծրագրի մասնակիցը պատասխանատվություն է կրում Հիմնադրամի գույքին կամ այլ անձանց պատճառված վնասի համար և պարտավորվում է ամբողջ ծավալով հատուցել իր կողմից պատճառված վնասը։

7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

7.1. Պայմաններով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն հրապարակային օֆերտայով նախատեսված պայմանները ակցեպտավորելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմաններով պարտավորությունների կատարումը։

8. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

8.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է Հիմնադրամի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:

9. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՎԱՐՏԸ

9.1. Դասընթացն ավարտած Մասնակիցներին 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է դասընթացին մասնակցության էլեկտրոնային հավաստագիր։

10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

10.1. Ընդունելով սույն Պայմանները Մասնակիցը տալիս է իր համաձայնությունը, առ այն, որ Դասընթացի ընթացքում Մասնակցի կողմից անհատապես կամ համահեղինակությամբ ստեղծված աշխատանքի բոլոր արդյունքների, դիզայնի, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ գույքային իրավունքները փոխանցվում է Հիմնադրամին, ով իրավունք ունի իր հայեցողությամբ, իր համար ընդունելի ձևով ազատորեն տնօրինել, օգտագործել, վերամշակել, լրացնել, ինչպես նաև փոխանցել այլ անձանց։

10.2. Մասնակցին ծանուցումները և/կամ որևէ տեղեկացում տրվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով: Մասնակիցը https://tumolabs.ai/ կայքէջում գրանցվելիս տրամադրում է իր էլեկտրոնային փոստի հասցեն, որը օգտագործվելու է Հիմնադրամի կողմից Մասնակցի հետ հաղորդակցության համար, այդ թվում ծանուցումները և/կամ որևէ անհրաժեշտ փաստաթղթեր և/կամ ցանկացած այլ տեղեկատվություն Մասնակցին փոխանցելու համար։

10.3. Էլեկտրոնային փոստով ուղարկված ծանուցումը կհամարվի ստացված` էլեկտրոնային համակարգում ամրագրված ուղարկման ամսաթվին և ժամանակին, որ եթե էլեկտրոնային փոստով փոխանցումն իրականացվում է սովորական աշխատանքային ժամերից դուրս, ապա ծանուցումը կհամարվի ստացված հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ին:

10.4. Սույն Պայմանների փոփոխությունները և լրացումները կատարվում են Հիմնադրամի կողմից միակողմանիորեն և ուժի մեջ են մտնում https://tumolabs.ai/ կայքէջում հրապարակելու օրվանից։

«Թարմացված է»՝ 20․03․2026թ․